Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է խաղաղության պայմանագրի քննարկումների մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր վեց կետերը, որոնք Հայաստանը ներկայացրել էր Բաքվի առաջարկին ի պատասխան:
Քանի որ տեքստի բնագիրը ռուսերեն է՝ Մարուքյանը ոչ պաշտոնական թարգմանությունն է ներկայացրել:
1. Մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը՝ նշված է առաջին կետում։
2. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չի ունեցել և չունի տարածքային պահանջներ:
3. ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը հիմնարար են Հայկական կողմի համար։
4. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները (ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը)՝ այս ամենը Հայկական կողմը կարևոր է համարում։
5. Հայկական կողմը խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ պատրաստ է բանակցություններ սկսել։
6. Հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար։